MARTIK FOUNDATION NEWS

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի մաղթանքը հիմնադրամին

2002-06-06

Person image

ԳԻՐ ՕՐՀՆՈՒԹՅԱՆ 

 Ուրախությամբ տեղեկացանք, որ Պաշտպանության Նախարարության նախաձեռնությամբ նրա համակարգում հաստատվել է «Մարտիկ» հիմնադրամը, նպատակ ունենալով աջակցել տարբեր ռազմական ուսումնական հաստատություններում Հայոց Բանակի սպաների եւ մարտիկների ուսման ու վերապատրաստման գործին:
Հիմնադրամը երկրապահ եւ ազգաշահ ծառայության է կոչված: Շնորհիվ«Մարտիկ»-ի գործունեության, անտարակույս, մեր Հայրենիքի սահմանների պաշտպանները լավագույնս պիտի տիրապետեն արդի ռազմական տեխնիկայի եւ զինարվեստի հնարավորություններին, եւ Հայոց Ազգային Բանակը մարտունակ ու զորեղ պիտի լինի ոչ միայն իր հայրենապաշտ ոգով, այլեւ կատարյալ պատրաստվածությամբ:
Հայաստանի անկախության շուրջ տասնամյա ժամանակամիջոցում Հայրենիքի պաշտպանության մարտերում ծնունդ առած եւ անհավասար պայքարի հաղթանակներում ինքն իրեն հաստատած մեր բանակը, հավատում ենք, մասնագիտորեն պատրաստ ու կարող իր զին ծառայողներով պիտի շարունակի խաղաղ, անվրդով ու անխաթար պահել մեր Հայրենիքի սահմանների ապահովությունը:
Հավատի մեր Սրբօրրան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում հիմնադրամի նախաձեռնողներին ու պատասխանատուներին եւ առ Աստված հայցում, որ «Մարտիկ»-ը հաջողությամբ իրականացնի իր հայրենանվեր առաքելությունը՝ նոր հնարավորություններ հավելելով մեր Ազգային Բանակին:
Թող Տերը օրհնի«Մարտիկ» հիմնադրամի գործունեությանը սատարող նվիրատուներին՝ ի խնդիր Հայոց Բանակի զորացման եւ Հայրենի մեր երկրի պահպանության:
«Երանի ժողովրդեան, որ գիտեն զօրհնութիւնս Քո, Տէր» (Սաղմ.88.16):

 

Օրհնությամբ՝

ԳԱՐԵԳԻՆ Բ
ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

Go back