- English |
- Հայերեն
MARTIK FOUNDATION NEWS
Էլեկտրոնային «Հուշարձան» նվիրված հայոց բանակին ՀՀ պաշտպանության փոխնախարար Արթուր Աղաբեկյանի տված հարցազրույցը «Երկիր» թերթին
2002-10-28
5 տարի անց անկիրթ հրամանատարներ չենք ունենալու:
Ինտերնետում հայտնվել է «Մարտիկ» հիմնադրամի էջը` www.martik.am, որտեղ զետեղված են մասնակիցների լուսանկարները: Մասնակից դառնալու համար անհրաժեշտ է հիմնադրամի հաշվին մուծել 100 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ. այդ միջոցները նախատեսվել են Հայաստանում ռազմական կրթության զարգացմանը: Հիմնադրամի նպատակների եւ խնդիրների մասին պատմում է հիմնադիր, ՀՀ պաշտպանության փոխնախարար Արթուր Աղաբեկյանը:
- Հիմնադրամի ծնունդն ունի երկար պատմություն: Եղել են մանրամասն քննարկումներ ինչպես բանակի իմ գործընկերների, այնպես էլ տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: Ի՞նչն է խնդիրը: Բյուջեն միշտ չէ, որ հնարավորություն է տալիս լուծելու ռազմական կրթության, սպաների պատրաստման խնդիրները: Միտք առաջացավ դիմել հայ բարերարներին՝ աջակցելու ռազմական կրթությանը եւ գիտությանը: Այնուհետ մշակվեց մեխանիզմ, որ թույլ է տալիս այդ գործին ներգրավել հնարավորինս շատ հայերի, եւ մյուս կողմից՝ ստեղծել պահուստային միջոցներ (չէ որ 20-րդ դարում եղան բազմաթիվ պատերազմներ եւ արտակարգ իրավիճակներ): Հիմնադրամը կոչվում է «Մարտիկ» եւ յուրաքանչյուր ոք, ով ընդունում է հիմնադրամի նպատակները եւ մուծում մուտքի վճարը, իրեն հայտարարում է մարտիկ: Նա մարտիկ է ոչ թե կռվի դաշտում, այլ երկրի անվտանգության ամրապնդման գործում: Մուտքի վճարներից կազմվում է անձեռնմխելի ֆոնդ, որը կարող է օգտագործվել վտանգի դեպքում, ՀՀ նախագահի, Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Պաշտպանության նախարարի եւ հիմնադրամի նախագահի միաձայն համաձայնությամբ: Իսկ մայր գումարից ստացված տոկոսները կուղղվեն կանոնադրական խնդիրների կատարմանը՝ ռազմական կրթությանը: Ես համոզված եմ, որ մասնակիցների քանակն աճելու է շատ արագ, եւ տոկոսները միանգամայն բավարար են լինելու ռազմակրթական ծրագրերի իրականացման համար ինչպես Հայաստանի ռազմական ուսումնական հաստատությունների բազան ընդլայնելու, այնպես էլ հայ սպաներին արտասահմանում կրթելու համար:
- Դուք նշեցիք մի մեխանիզմ, որը պաշտպանում է մայր գումարը ոչ նպատակաւյին ծախսերից: Իսկ կա՞ն նաեւ լրացուցիչ մեխանիզմներ, որ ապահովագրեն պաշտոնյաների կամայականություններից եւ անբարեխիղճ մարդկանց միջամտությունից:
- Կանոնադրությամբ ամրագրված է գումարներն օգտագործելու մեխանիզմը: Ամրագրված են նաև կանոնադրության այն կետերը, որոնք փոփոխման ենթակա չեն. դա ամրագրված է նաեւ բանկի հետ ստորագրված պայմանագրում: Շուտով կանոնադրությամբ ամրագրվելու է նաեւ հետեւյալ դրույթը. հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի անդամ կարող է լինել ցանկացած հայ, որն իրեն համարում է քարոզիչ եւ 1000 մարդու դարձնում է հիմնադրամի մասնակից: Նա ստանում է ձայնի իրավունք ինչպես տոկոսները, այնպես էլ մայր գումարը ծախսելու հարցում (մայր գումարը ծախսելու վերաբերյալ իր ստորագրությունը դնելուց առաջ հիմնադրամի նախագահը պետք է ունենա Հոգաբարձուների խորհրդի որոշումը): Եթե հիմնադրամն ունենա 1 մլն մասնակից, ապա կունենա հոգաբարձուների խորհրդի 1000 անդամ: Հոգաբարձուները պետք է հավաքվեն տարին 1 անգամ, իսկ վտանգի դեպքում՝ անմիջապես:
- Ինչպե՞ս է վերահսկվելու ծրագրերի իրականացումը, որպեսզի չկրկնվեն, օրինակ, «Հայաստան» հիմնադրամի հետ կապված նախադեպերը՝ գումարների փոշիացման առումով:
- Մեր մոտեցումը հետևյալն է՝ պաշտպանության նախարարը պետք է ծրագիր ներկայացնի Հոգաբարձուների խորհրդին, որը բազմակողմանի քննարկվելուց հետո միայն կայացվելու է որոշում՝ նախարարությանը գումար տրամադրելու կոնկրետ ծրագիր իրականացնելու համար: Իրականացնելու ենք այնպիսի ծրագիր, որը թափանցելի է Հոգաբարձուների խորհրդի համար, և ինքնին հասկանալի է, որ գաղտնի ծրագրեր չեն ֆինանսավորվելու:
- Ի՞նչն է պատճառը, որ մուտքի վճարը սահմանվել է 100 ԱՄՆ դոլար, ոչ ավելի, ոչ պակաս:
- Հիմնադրամն առաջնահերթ խնդիր է համարում ոչ թե գումար հավաքելը, այլ առավելագույն քանակով մասնակիցներ ունենալը: Դա դիտում ենք որպես հայեցի դաստիարակության ձեւ: Գումարը հավասար է սահմանվել, որպեսզի բոլոր մասնակիցները լինեն հավասար: Չէ՞ որ մարտի դաշտում բոլորը հավասարապես են վտանգի ենթարկվում՝ անկախ գույքից եւ ունեցվածքից: Իսկ գումարը սահմանվել է 100 ԱՄՆ դոլար, որովհետեւ ցանկացած ոք, եթե կամենա, իր կյանքի ընթացքում կարող է այդպիսի գումար մուծելու հնարավորություն գտնել: Իսկ նրանք, ովքեր ցանկանում են, ասենք, ներդնել մեկ միլիոն, կարող են դա անել բարեգործական հիմնադրամների միջոցով:
- Ինչպե՞ս եք պայքարելու պաշտպանության համակարգում առկա բացասական երեւույթների դեմ, որպեսզի ժողովուրդը վստահի նախարարությանը եւ դառնա հիմնադրամի մասնակից:
- Մեկ ամսվա ընթացքում հավաքագրված մասնակիցների քանակն արդեն իսկ վկայում է, որ հասարակությունը հավատում է բանակին: Ինչ վերաբերում է թերություններին, ապա բանակը մեկուսացված չէ հասարակությունից եւ հետեւաբար ունի նույն թերությունները, ինչ որ հասարակությունը: Կարեւորը դրանք ժամանակին հայտնաբերելն ու վերացնելն է: Վստահ եմ, որ մասնակիցները, նկատելով թերությունները, անպայման կահազանգեն ինտերնետային էջում նշված հասցեով:
- Հայտնի է, որ մեր բանակի ամենացավոտ խնդիրներից մեկը դասակի հրամանատարների պակասն է: Տարիներ շարունակ հայտարարություն էր տրվում, որ բարձր աշխատավարձով հրավիրվում են սպաներ, այնուամենայնիվ խնդիրն այսօր էլ է հրատապ: Ի՞նչն է պատճառը, որ շատ դեպքերում մարդիկ ձգտում են մնալ անորոշ վիճակում, բայց չմտնել բանակ:
- Հայաստանում ԽՍՀՄ օրոք չկային ռազմաուսումնական հաստատություններ: Եվ ռազամական կրթություն ստանալու համար հայ երիտասարդները մեկնում էին այլ հանրապետություններ: Անկախություն հռչակելուց հետո հայտվեցինք փաստի առաջ: Լավ է, որ ԽՍՀՄ տարբեր զորամասերում ծառայող բազում հայ սպաներ վերադարձան Հայաստան, եւ պատերազմի ժամանակ իրար հետ ձուլվեցին հայ կամավորականը եւ կադրային սպան: Բանակաշինության հաջորդ փուլում սպայական կարգի համալրումը կատարվում էր բուհերի ռազմական ամբիոններում ռազմական մասնագիտություն ձեռք բերած «երկտարեցի» սպաներով, սակայն 1997-ին դասակի հրամանատարների համալրման այդ կոնտիգենտը նույնպես սպառվեց. գրեթե բոլորը զորակոչվել էին եւ ծառայել իրենց հասանելիք 2 տարին: Ցավոք սրտի բուհերում այդ տարիներին փակվեցին ռազմական ամբիոնները,և այդ բացը փորձում ենք լրացնել ավագների ինստիտուտով: Այժմ բարձրագույն քաղաքացիական կրթություն ունեցողները զորակոչվելիս անցնում են վեցամսյա դասընթացներ եւ նշանակվում դասակի հրամանատարներ: Քայլեր են արվում, որպեսզի ստեղծվի միջբուհական ռազմական ամբիոն, որտեղ ուսանողները կստանան համապատասխան ռազմական կրթություն: Հիմա մեր մարտավարությունը հետեւյալն է՝ առաջխաղացման ցուցակներում դասակի հրամանատարներին փոխարինելու են գալիս ռազմաուսումնական հաստատություններն ավարտածները: Այսօր իսկ հատուկենտ են այն վաշտի հրամանատարները, որոնք չունեն կամ ռազմական կամ քաղաքացիական բարձրագույն կրթություն. 5 տարի հետո ամբողջ հրամանատարական կազմը բաղկացած է լինելու ռազմական կրթական բարձր ցենզ ունեցողներից:
- ԽՍՀՄ ռազմական կրթության համակարգի մի մասն էր դպրոցների զինղեկների ինստիտուտը, որն ավերվեց: Ի՞նչ է արվում դրա վերականգնման համար:
- Վերջերս կրթական բարեփոխումների կենտրոնում քննարկվեցին այն ուսումնական նյութերը, որոնք պետք է ունենա միջնակարգ դպրոցը: Անցյալ տարի հրատարակվեց ռազմագիտության նոր դասագիրք, կան մեծ քանակությամբ ուսումնական պաստառներ, բյուջեից միջոցներ են նախատեսված դպրոցների ռազմագիտական կաբինետները ձեւավորելու համար: Այսօր գիտության եւ կրթության նախարարության հետ քննարկվում է ռազմամարզական թեքումով դպրոցների հարցը, եւ եթե հաջողվի յուրաքանչյուր մարզում ունենալ մեկական այդպիսի դպրոց, ապա դրանք կարող են դառնալ ռազմական գիտելիքների «բյուրեղացման կենտրոններ» բոլոր դպրոցների համար: Գյումրիում արդեն այդպիսի կարգավիճակ ունի թիվ 37 դպրոցը: Եվ, ի տարբերություն ստանդարտ ռազմամարզական թեքումով դպրոցների, այստեղ ռազմամարզական թեքումը լինելու է 4-րդ դասարանից: Եվ հաջորդը՝ Գյումրիի մանկավարժական ինստիտուտում կա ռազմական ամբիոն, որտեղ պատրաստում են ռազմագիտության ուսուցիչներ: Իսկ անցյալ տարի բոլոր զինղեկները, ովքեր ունեն բարձրագույն կրոություն, ստացել են առաջին սպայական կոչումը: Ինչքան տեղյակ եմ, նախարարության կողմից լուծվել է նաեւ զինղեկների զինվորական համազգեստի հարցը, եւ վստահ եմ, որ ժամանակի ընթացքում նաեւ աշակերտները կկարողանան ռազմագիտության դասերին ժամանել զինվորական հագուստով:
Հարցազրույցը վարեց՝
Հովհաննես Գալաջյանը